Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Համացանցում 2018 թվականի դեկտեմբերի 25-ին և 26-ին հայտնված տեղեկատվության՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից 2016թ. ապրիլին գաղտնալսող սարքերի ձեռքբերման և դրանք 2016թ. հունիս ամսին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին նվիրաբերման կապակցությամբ, հարկ է նշել, որ 2016թ-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ ոլորտում համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին է նվիրաբերել «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգը: Նշված համակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն առկա է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և տվյալ համակարգը արտադրողի պաշտոնական կայքերում՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը համալրվեց ևս նոր «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով և https://www.cellebrite.com/en/products/ufed-ultimate/):
Հարկ է նշել, որ տվյալ համակարգը նախատեսված է միայն բջջային հեռախոսների, պլանշետային համակարգիչների և GPS սարքավորումների լայն տեսականու հիշողության կրիչներում պարունակվող տեղեկատվության (կարճ հաղորդագրություններ, վերջին զանգեր, կոնտակտային տվյալներ, լուսանկարներ, ձայնագրություններ, տեսագրություններ, էլ.փոստ, Chat-հաղորդագրություններ, ինտերնետի օգտագործման պատմություն, մուտքանուններ, գաղտնաբառեր, GPS կոորդինատներ և այլն) արտածման, վերծանման, վերականգնման և վերլուծման համար: Ներկայումս տվյալ համակարգը ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ արդյունավետ կիրառվում է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների կատարման ընթացքում՝ ապահովելով հետազոտությունների բազմակողմանիությունն ու լրիվությունը: Հատուկ պետք է ընդգծել, որ նշված հետազոտական համալիրն իր բնույթով, ինչպես նաև տեխնիկական հնարավորություններով առհասարակ նախատեսված չէ գաղտնալսումներ կատարելու համար:
Տվյալ համակարգի կիրառումը հնարավուրություն է ընձեռում Հայաստանի Հանրապետությունում՝ ի դեմս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի, ապահովել իրականացվող նշված տեսակի փորձաքննությունների կատարման պատշաճ մակարդակը՝ քրեական վարույթն իրականացնող մարմիններին տրամադրելով օբյեկտիվ և արժանահավատ փորձագիտական եզրակացություններ:
Միևնույն ժամանակ հարկ է տեղեկացնել, որ համացանցում նշված հրապարակման մեջ տեղադրված փաստաթղթի էլեկտրոնային պատճենում զետեղված անգլերեն լեզվով տեքստը հանդիսանում է «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգի հնարավորությունների համառոտ նկարագրությունը:
Ամփոփելով վերոգրյալը հարկ է նշել, որ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին 2016թ-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից նվիրաբերվել է գաղտնալսող սարք, չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է ակնհայտ ապատեղեկատվություն:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ՀՀ Կառավարության և ԱՄՆ-ի Կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակներում 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրումից ի վեր ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջոցով INL ծրագրի շրջանակներում ձեռնարկվել են մեծածավալ աջակցության միջոցներ, իրականացվել արժեքավոր նվիրատվություններ և ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում ի դեմս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտական հնարավորություններով օժտված բազմապրոֆիլ խոշորագույն դատափորձագիտական կառույցի հիմնադրման համար՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառի արդիական հնարավորությունների ապահովմանն ու կիրառմանը քրեական հետապնդման և արդարադատության իրականացման ոլորտում՝ նպաստելով իրավապահ համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, հանցավորությանն ու կոռուպցիային համարժեք հակազդմանը, նաև անդրազգային հանցագործությունների դեմ պայքարին:
28 Դեկտեմբեր 2016